Բազմիցս անդրադարձել ենք այն թեմային, որ հայտնի ու սիրելի գրողների մասին շատ ավելին մեզ փոխանցում են իրենց ժամանակակիցները, ավելին ենք իմանում, երբ կարդում ենք նրանց մասին քննադատությունները կամ լավագույն հուշերը։
Այս անգամ Ստեփան Զորյանի միջնորդությամբ կպարզենք, թե ինչն էր պատճառը, որ Իսահակյանին համարում էին վատատես գրող և չէին ընդունում։
«Երբ լույս է տեսնում Իսահակյանի «Երգեր ու վերքեր» ժողովածուն, ժողովրդի մի մասը հասկանում ու սիրում էր Իսահակյանին, բայց մյուս մասն էլ չէր ընդունում, ասում էին՝
«Ախ ու վախով էլ բանաստեղծություն գրե՞ն։ Ա՜խ, շա՛տ է գեղավարի»։
Մի քանի անգամ նման կարծիքներ լսելով, Զորյանը, մի օր մի գրասեր իրավաբանի հարցնում է՝
«-Բայց չէ՞ որ Թումանյանի պոեզիան էլ գեղական է»։
Զորյանին պատասխանում են՝
«-Թումանյանն ուրի՜շ է, լոթի է, դրամատուրգ, իսկ Իսահակյանը՝ ա՛խ ու վա՛խ․․․։
Սա նշանակում էր, որ Թումանյանը սյուժետային է և ոգով կենսուրախ, իսկ Իսահակյանը՝ բարբառային և պեսիմիստ․․․»- գրում է Զորյանն իր «Հուշերի գրքում»։
Այսօր, երբ Իսահակյանի անունը փորագրված է հայ բանաստեղծության պատմության ոսկե էջերում, այս հուշերը ապացուցում են, որ գրողների ճանապարհը հեշտ չէ և միայն ժամանակն է ցույց տալիս իսկական ու մնայուն արժեքները։
Ավետիք Իսահակյան՝ https://vlume.com/hye/person/EN-149
Հովհաննես Թումանյան՝ https://vlume.com/hye/person/EN-40
Ստեփան Զորյան՝ https://vlume.com/hye/person/EN-484
