Րաֆֆու ազգական Սողոմոն Մելիք- Հակոբյանը պատմում է, որ գրողը Թավրիզում թշնամիներ էր ձեռք բերել, և նույնիսկ հայտնի ավազակապետ Քարամին հանձնարարվում է նրա «հաշիվը մաքրել»։
Եվ մի օր, գիշերվա ուշ ժամի Քարամն անշշուկ մտնում է Րաֆֆու սենյակ և տեսնում է նրան աշխատելիս։ Րաֆֆին այնքան խորասուզված է լինում, չի էլ նկատում, որ հռչակավոր ավազակապետը կանգնած է իր թիկունքին՝ ձեռքը սրին պահած։ Թե որքան է տևում այդ խորհրդավոր լռությունը ոչ ոք չգիտի։
Եվ մեկ էլ հանկարծ Րաֆֆին զգում է, որ մի ձեռք ծանրացավ իր ուսին։ Պտտվում է ու զարմանքը սառչում է դեմքին։
«Ինձ ուղարկել են քեզ սպանելու, բայց ես գործ չունեմ այն մարդկանց հետ, որոնք սրի փոխարեն գրիչ են շարժում, վե՛ր կաց, շտապի՛ր, քեզ քաղաքից հեռացնեմ»,- ասում է ավազակապետը։
Րաֆֆին ինքն էլ չէր պատկերացնի, որ իր գրիչը մի օր կփրկի իր կյանքը։
Իսկ մենք էլ հաստատ չենք կարող պատկերացնել հայ գրականությունը՝ առանց Րաֆֆու։