Skip to content

Ինչպե՞ս է Թումանյանն ընտրել իր երեխաների անունները

10 երեխաների հայր Թումանյանը, իր բոլոր զավակների անունները դնում էր հատուկ խնամքով: Նվարդ Թումանյանը՝ բանաստեղծի աղջիկը, հիշում և պատմում է, որ նորածին աղջկան անուն ընտրելու համար շատ պատմական գրքեր է կարդացել և կանգ առել 19-րդ դարի իշխանուհի Սեդայի վրա: Հետագայում Լևոն Շանթին այդ անունը շատ է դուր գալիս և նա էլ այդ անունով կոչում է իր «Հին աստվածների» հերոսուհուն:
Մյուս երեքի անունները Րաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ, Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը: «Հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ»- պատմում է Նվարդ Թումանյանը:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, Թումանյանը վերցրել է իր դրամաներից:  
Բանաստեղծը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էին` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»-գրում է Նվարդ Թումանյանը: Թումանյանի կյանքի բազում մանրամասնություններին ավելացնենք նաև սա և մտապահենք, թե ինչպիսինն էր բանաստեղծ-հայրիկը:

Դե իսկ բանաստեղծի գրքերը ուղեկից են մեզ մանկուց՝ https://vlume.com/hye/person/EN-40

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *