Թո՛ղ որսըդ, արի՛, քաջասի՛րտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե․․․
Բազեն որ եկավ` որդիս լըռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քընեցավ։
Աշխարհի ոչ մի ազգ չունի նման օրորոցային երգ։
Այսօր այս օրորոցայինի, ազատության ոգեշունչ բանաստեղծությունների հեղինակ Ռափայել Պատկանյանի ծննդյան օրն է։ Իր սերնդակից, գաղափարակից Րաֆֆու և Նալբանդյանի պես նա ևս էությամբ ու ստեղծագործական իր տեսակով առաջին հերթին ազգային գործիչ էր։ Այս հայ գրողի բոլոր երգերում, հրապարակախոսություններում, նամակներում առկա է այն նույն մտահոգությունը, որը հուզում էր Նալբանդյանին ու Րաֆֆուն՝ հայրենիքի ազատագրության հարցը։ Շիրվանզադեն նշելով, որ նրա անունը դղրդում էր Րաֆֆու անվան հավասար, գրում է․ «Նա ժամանակի միակ ժողովրդականացված քնարերգակն էր, որի «Մայր Արաքսին․․» երգվում էր, «Բողոք առ Եվրոպան» արտասանվում բեմերի վրա ու տներում, ամենուրեք, ուր կար մի բուռ հայություն։ Նրա անունը երիտասարդության բերանում էր, ազգային պարծանքի առարկա էր։ Այդպիսինն էր Ռափայել Պատկանյանի համբավն ու հռչակը։ Գամառ-Քաթիպան բանաստեղծի հեզությունը չուներ: Նա չէր խոսում, այլ պատգամներ էր արձակում, չէր վիճաբանում, այլ թելադրում էր իր մտքերը ինքնավստահ մարգարեի եղանակով: Կարդալով նրա ստեղծագործությունները, կհասկանանք, որ ճիշտ էր Րաֆֆու բնութագրումը Պատկանյանի մասին․ «Այդ մարդը կարծում է, որ ինքն է հայ ազգը, նա ամենքին խրատում է և ամենքին հրամայում»:
Ռափայել Պատկանյան՝ https://vlume.com/hye/person/EN-323