Բազմիցս համոզվել ենք, որ մեծերի կյանքի անգամ ամենափոքր իրադարձություններն ու պատմությունները շատ հետաքրքիր են ընթերցողներին։
Մեր էջում նման պատմություններ շատ կան, որոնց կհամալրի նաև այս մեկը։
Պատմության «հերոսներն են» Իսահակյանն ու Խրիմյան Հայրիկը։
Իսահակյանը պատմում է՝ «Ես բախտ ունեցա շատ անգամ լինելու այս հոյակապ մարդու մոտ և շատ բան լսեցի, որոնցից մի փոքր մասն եմ պատմում այստեղ։
Ամեն անգամ նա սիրով ընդունում էր ինձ. միայն մի անգամ բարկացավ վրաս և դուրս արավ մոտից։ Դեպքը սա է։
1904 թվի մի ամսվա ընթացքում ես Հայրիկին պատահեցի մի քանի տեղում՝ Թիֆլիս, Ալեքսանդրոպոլ, Էջմիածին և վերջապես Խոր-Վիրապի վանքում։ Վերջին տեղում ներկայացա նրան, ինձ տեսավ թե չէ ասավ զայրացած- «Ծո, դուն կհետևես ինձ ամեն տեղ, սատանա, հայդե, կորի, գնա մոտես»…
Ես իսկույն փախա, բայց երեկոյան կանչեց ինձ մոտը և սիրտս առավ։
– Տղաս, այսօր սիրտս ելած էր ուրիշ բանի մը առթիվ, բարկությունս քու վրադ թափեցի, քանզի գիտեմ, որ դուն Հայրիկին կսիրես ու անորեն չես նեղանար. ուրիշներու վրա չեմ կրնա բարկանալ. քեզ կսիրեմ, ատոր համար վստահ կբարկանամ վրադ։ Հետո ծիծաղելով վրա բերեց.- «Ի՞նչ շատ ման կուգաս Վանա ջրտորտող թռչունների պես։ Երանի քեզ, երիտասարդ ես, չես հոգնի. լավ կանես, շրջիր, գնա, ման եկ ժողովրդի մեջ, ինչ կա, չկա ան է, ան տեղ է, հողին հետ, մեծ է ժողովուրդ ասածդ, մեծ սիրտ ունի, անոր հետ եղիր միշտ և քու սիրտն ալ կմեծանա»։
Թվում է՝ փոքր պատմություններ են, բայց չէ՞ որ հենց այսպիսի պատմություններ են մեծ տպավորություններ թողնում ու մեզ «ստիպում», բացել այս գրողների գրքերն ու մեկ անգամ էլ թերթել՝ բայց այս անգամ ուրիշ աչքով։
Իսահակյան՝ https://vlume.com/hye/person/EN-149
Խրիմյան Հայրիկ՝ https://vlume.com/hye/person/EN-34