«Ազգը ինքնըստինքյան ազգ չէ, եթե չունի լեզու։
Ժողովրդի հանճարը նրա լեզուն է. նրանով կարող ենք դատել ժողովրդի լուսավորության աստիճանի, նրա հատկությունների, բարքերի, սովորությունների, արժանիքների ու արատների մասին»:
Միքայել Նալբանդյան
Այսօր հայ մեծ բանաստեղծ, հրապարակախոս, գրաքննադատ, Ազատության երգիչ՝ Միքայել Նալբանդյանի ծննդյան օրն է։ Նալբանդյանի անունն ու գործը անջնջելի տառերով դրոշմված են հայոց նորագույն պատմության մեջ։ Նրա գեղարվեստական և հրապարակախոսական երկերը թեև միշտ գրվել են կոնկրետ առիթներով, բայց ասես անընդհատ քայլում են ժամանակի հետ։ «Բնավորությամբ շիփ-շիտակ էր Նալբանդյանը, ինչպես ուղիղ վեր բարձրացող մի բարդի»․- այսպես է բնութագրել գրողին Ղազարոս Աղայանը։
Նալբանդյանի կերպարը սերունդների հիշողության մեջ մարմնավորել է որպես ժամանակի հերոս, ազատության զինվոր և գաղափարի նահատակ։ Նրա կենսագրության ու գրականության մեջ «ազատություն» բառը չափազանց շատ էր իր ժամանակների համար:
Կարճատև, բայց դեպքերով ու կապերով, հերոսական և ողբերգական դրվագներով բարդ անցումներով բացառիկ հարուստ կյանք է ապրել Միքայել Նալբանդյանը։ 37 տարեկանում կտրվեց ազատության երգչի կյանքի թելը, բայց նա հազար թելերով մեզ կապեց իր ստեղծագործություններին։Նալբանդյանի ստեղծագործություններից ազատության, անկախության «հոտ» է գալիս։ Բոլոր բանաստեղծությունները մեկտեղվել են այստեղ՝ https://vlume.com/hye/person/EN-471