Skip to content

Ինչո՞ւ Բաքվի մեծահարուստները չէին սիրում Շիրվանզադեին

Հայ դասական գրողների ստեղծագործությունները կարդալուց զատ, շատ կարևոր է նաև կարդալ և իմանալ, թե ինչ հուշեր, ինչ դեպքեր կան կապված նրանց հետ։
Եթե չգիտես, թե որտեղ կարդալ նմանատիպ նյութեր, ապա հետևիր մեզ․ մենք կապահովենք քեզ հետաքրքիր ու տարբերվող նյութերով։
Գաղտնիք չէ, որ Շիրվանզադեն իր ստեղծագործություններում նկարագրել է Բաքվի կյանքը, Բաքվի հայկական ընտանիքներն՝ իրենց բարք ու վարքով, առավելություններով ու թերություններով։
Բաքվում հայ հասարակությունը շատ լավ իմանում էր, թե ով է Շիրվանզադեն։ Հայ մեծահարուստներն արտաքուստ ցույց էին տալիս իրենց հարգանքը, իսկ  սրտների խորքում նրան անարժան համարելով՝ թաքցնում էին իրենց ատելությունը։
Մի անգամ Շիրվանզադեն մտնում է Բաքվի ակումբներից մեկը, որտեղ բուրժուազիան զբաղված էր ուտել-խմելով։ Երբ այդ մարդիկ տեսնում են Շիրվանզադեին, սկսում են բացահայտ ցույց տալ իրենց արհամարհանքը։ Իրենց դիպլոմից ու տիտղոսից փքված՝ նրանք ատում էին հայ գրականությունն ու հայ լեզուն․․․ ու նրա ներկայացուցիչ Շիրվանզադեին։
Ինչո՞ւ էին Բաքվի մեծահարուստները ատում Շիրվանզադեին։ Որովհետև գիտեին, թե նրա գրվածքներում իրենցից ոմանք ինչ գույներով են նկարագրված։ Կարծես այդ մարդկանց երեսներին գրված էր․
— Մենք ճանաչում ենք քեզ, պարոն Շիրվանզադե, բայց դու էլ ճանաչիր մեզ և խոնարհվիր մեր հարստության առջև։
Իսկ երբ առաջին անգամ Բաքվում պիտի բեմադրվեր Շիրվանզադեի «Իշխանուհի» վերնագրով պիեսը, այդ օրը մի խումբ մոլեռանդներ հավաքվել էին թատրոնի դիմաց և հարմար առիթ էին փնտրում, որ հարձակվեին գրողի վրա։ Բաքվի երիտասարդների «շնորհիվ» այդ պիեսը տապալվեց և ընդմիշտ չքացավ հայ թատերական ասպարեզից։
Միշտ էլ դժվար է ուղիղ նայել իրականության աչքերին։ Այս է պատճառը, որ Բաքվի մեծահարուստները չկարողացան սիրել այն մարդուն, ով ներկայացրել էր Բաքուն՝ իր մռայլությամբ, բացթողումներով ու թերություններով։

Իսկ թե ինչպես է Շիրվանզադեն նկարագրել Բաքվի հայկական ընտանիքները, կարդացե՛ք և բացահայտեք՝ https://vlume.com/hye/person/EN-35

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *