Skip to content

Աշնան երգիչ՝ Վահան Տերյան։ Ծննդյան օր

«Տերյանը …. ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր «արքայական» լեզվին, հարստացրեց մեր ազգային քնարերգությունը նոր մոտիվներով ու տաղաչափական ձևերով, նույնիսկ դուռ բացեց նոր հանգի համար…»:  Եղիշե Չարենց
Այսօր XX դարի սկզբի արևելահայ պոեզիայի նոր սերնդի առաջնորդի, հայ գրականության աշնան երգչի՝ Վահան Տերյանի ծննդյան օրն է։ Բանաստեղծ, որը շրջել է հայ գրականության զարգացման ընթացքը: Վահան Տերյանը հայ պոեզիայի մեծ բարենորոգիչ է, հայ գրականության գագաթներից մեկը: Նա բերել է նոր թեմաներ, նոր լեզու և արտահայտչամիջոց: Տերյանը խոր հետք է թողել հայ պոեզիայի ընթացքի վրա, ունեցել է շատ հետևորդներ, որոնց մեջ ամենանշանավորը եղել է Չարենցը։ Նա ապացուցեց, որ հանճարների համար ժամանակն այլ ռիթմով է ընթանում, և տվեց այն հարցի պատասխանը, թե ինչպես կարելի է ապրել 35 և թողնել այնպիսի ժառանգություն, որը հարյուրամյակներ շարունակ քննարկման աղբյուր է։ Թվում է, թե պատահմամբ գիրքը ձեռքիցդ ընկնի, նրա միջից աշնան տերևներ կթափվեն՝ հուշելու, որ այստեղ պետք է զգույշ լինել, որ այդ տերևները քնքշության են սովոր։ Նրա տողերը կարծես թաց լինեն, պոետական աշխարհում տեղացող անձրևներից։ Մի անգամ գրողը Իսահակյանին ասել է, թե իրենից հետո պետք է կա՛մ նոր խոսք ասել, կա՛մ լռել։ Տերյանն ասաց իր նոր խոսքն ու մի գիշերում դարձավ հայտնի իր «Մթնշաղի անուրջներ» ժողովածուով։ Նրա պոեզիան այսօր էլ պահպանում է իր մեծ հմայքը և իրավացի էր իսահակյանը, երբ ասում էր․ «Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնան որպես հավերժական արժեքներ, բոլոր ժամանակների համար․․․» Եկե՛ք այսօր անպայման թերթենք բանաստեղծի հավերժ մնայուն տողերն ու զգանք դրանց թացությունը, անձրևի, աշնան, սիրո, տառապանքի ու հայրենասիրության շունչը։

Վահան Տերյան՝ https://vlume.com/hye/person/EN-76

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *