Այսօր հայ դասական գրող, քննադատական ռեալիզմի վառ ներկայացուցիչ Նար-Դոսի ծննդյան օրն է։ Գրող, որը փայլել է իր մարդասիրությամբ, պարզությամբ ու համեստությամբ։Քսանհինգ տարվա գրողի փորձ ունեցող հեղինակն այնքան համեստ էր, որ ամաչում էր անձամբ իր ձեռագիրը տանել հրատարակչական ընկերություն:
«-Ես ինչպե՞ս տանեմ, թե գրվածքս տպեցեք… անհարմար է»: Նար-Դոսը դեռ վաղ տարիքից է սիրահարվել գրականությանն ու ընթերցանությանը։ Իր ընթերցասեր լինելու մասին ասել է«Ընթերցասիրությունն իմ մեջ զարթնել է շատ վաղ, «Խենթ»-ը և «Դավիթ Բեկ»-ը կարդացել եմ դեռևս «Մշակ»-ում տպագրվելիս: Անչափ սիրում էի Րաֆֆիի գրվածքները. ընդհակառակը, Ծերենցը և Պռոշյանը միշտ ձանձրույթով եմ կարդացել: Աբովյանի «Վերք»-ը մինչև վերջացրի՝ հոգիս դուրս եկավ: Կարդում էի ամեն բան, ինչ որ ձեռքս ընկներ, միայն թե ձեռքս ընկներ, իսկ հայերեն գիրք շատ քիչ կար»: Նար-Դոսի ընթերցասեր լինելը դուր չէր գալիս ոչ մեկին, բացի իր մորից: Թե՛ հայրը, թե՛ եղբայրները առիթ էին ման գալիս մեղադրելու «քաղցած պրոֆեսիայով» զբաղվող Միքայելին: Սակայն հենց այս ընթերցանության ու ընթերցասիրության շնորհիվ է, որ նա ստեղծեց այնպիսի ստեղծագործություններ, որոնք առաջին հայացքից թվում են փոքր պատմություններ, բայց դրանց հետևում թաքնված են հասարակական խոր բովանդակությամբ դրամաներ ու ողբերգություններ։ Նար-Դոսը իր ստեղծագործություններում չգրեց միայն այն, ինչ որ կա կյանքում, գրեց նաև այն, ինչը չկա և ցանկալի է որ լինի։
Նար-Դոս՝ https://vlume.com/hye/person/EN-63