Skip to content

«Կանցնեն տարիներ, ոչ ես կլինեմ, ոչ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան՝ «Շունն ու կատուն»։ Զորավար Անդրանիկ

Թումանյանի «Շունն ու կատուն» նրա ամենահայտնի ու սիրված գործերից մեկն է և շատ պատմություններ կան հենց այս ստեղծագործության հետ կապված։ Սկսենք սկզբից՝ տպագրությունից․

Երբ Թումանյանը «Շունն ու Կատուն» 1885 թ․ տանում է «Մուրճ» ամսագրում տպագրելու, Ավ․ Արասխանյանը կարդում է, շատ զարմանում և ասում․ «Ասացեք խնդրեմ, շուն ու կատու, և բանաստեղծություն, սրանք ի՞նչ կապ ունեն իրար հետ, էն էլ էս տեսակ վայրենի լեզվով»: Չնայած այս տեսակ որակավորման ու դժգոհության «Շունն ու Կատուն» տպագրվում է և շատ լայն տարածում գտնում։ Այն դառնում է երեխաների ամենասիրելի ստեղծագործությունը, այնքան սիրելի, որ Թումանյանն ինքն էլ չէր հավատում դրան։ Մի անգամ բժիշկ Բուդաղյանը Թումանյանի հետ գրազ է գալիս՝ ասելով, թե ճանապարհին ո՛ր երեխային էլ հարցնեն, «Շունն ու կատուն» անգիր կասի: Թումանյանը առարկում է: Ի վերջո գրազը շահում է բժիշկ Բուդաղյանը, որովհետև առաջին իսկ պատահած երեխան արտասանում է այն: Այո, Անմահ լոռեցին գրել է անմահ ստեղծագործություններ, որոնք կապրեն այնքան, քանի դեռ կանք։ «Շունն ու կատվի» հարատևության մասին է փաստում նաև Զորավար Անդրանիկի կենացը։ Թոթովենցն այս մասին իր հուշերում գրում է, թե ինչպես է Թումանյանը կենաց խմում՝ ասելով․ «Քսան տարի առաջ կար երկու նշանավոր բան – Խրիմյան Հայրիկը և իմ «Շունն ու կատուն»: Քսան տարի է անցել, բայց էլի երկու նշանավոր բան կա – իմ «Շունն ու կատուն» և Անդրանիկը: Խմում եմ երկու նշանավորներից մեկի՝ Անդրանիկի կենացը»…Անդրանիկը ժպտալով պատասխանում է. «Կանցնեն տարիներ, ոչ ես կլինեմ, ոչ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան՝ «Շունն ու կատուն», խմենք նրա կենացը…»:

Զորավարի կենացն ամբողջությամբ իրականություն է դարձել․ անցել է 20 և ավելի տարի, կանցնի ևս 20 տարի, բայց Թումանյանի «Շունն ու կատուն» դեռ կապրի

Շունն ու կատուն՝ https://vlume.com/hye/item/EB-54

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *