Երբ ասում ենք Պերճ Պռոշյան, միանգամից հիշում ենք «Սոս և Վարդիթեր» և «Հացի խնդիր» վեպերը։ Բայց քչերիս է հայտնի գյուղագրության զարգացման պատմության մեջ մեծ դեր ունեցած Պռոշյանի «Վրեժ» վեպը։ Այստեղ հեղինակը ներկայացնում է գյուղական վարքն ու բարքը, ավանդույթները, երիտասարդների անմեղ ու ողբերգական սերը։ Վեպի գլխավոր հերոսը Ցոլակն է, որը սիրահարվում է Զարմանդուխտին՝ իր հարևանուհուն, սակայն, գյուղի ավանդույթների համաձայն, նրանք չէին կարող ամուսնանալ այնքան ժամանակ, քանի դեռ Ցոլակի մեծ եղբայրները չեն ամուսնացել։ Այդ տարիների ընթացքում վրա է հասնում հայերի կոտորածը, Ցոլակի ընտանիքը սպանվում է, Զարմանդուխտը գերի է ընկնում և բռնի կերպով ամուսնանում թուրք քաղաքապետի հետ։ Բայց թե ինչ զարգացում է ունենում այս սիրահարների կյանքը, արդյոք կարողանո՞ւմ են հաղթահարել դժվարությունները, երջանի՞կ, թե՞ ողբերգական ավարտ ունի այս վեպը, կիմանանք կարդալուց հետո։