Գաղտնիք չէ, որ բոլոր ժամանակներում էլ գրողներն իրար քննադատել են, կշտամբել են: Բայց երևի ոչ այնպես, ինչպես XX դարի երեսունական թվականներին: Այն ժամանակ, երբ բոլորը հստակ գիտակցում էին, որ զրպարտության հետևանքը լինելու է ընկերոջ աքսորը կամ ավելի վատ: Ահա այսպիսի քննադատության է արժանանում Չոպանյանը, երբ 1932 թվականին Ռումինիայի կառավարությունից շքանշան է ստանում: Շքանշանից հետո Վահրամ Ալազանը գրում է. «Այն Չոպանյանը, որը կուրծք էր ծեծում Խորհրդային Հայաստանի անկեղծ բարեկամության համար, որը երբեմն փորձ էր անում դաշնակներին «կշտամբելու» իբր թե Խորհրդային Հայաստանը պաշտպանելու համար, այժմ ստորաքարշության եւ քծնանքի իր անմրցելի վարպետությամբ շքանշաններ և տիտղոսներ է վաստակում: Մոսիո Չոբանյան, զարդարեցեք ձեր սնափառ լանջը այդ արյունոտ ու գարշելի խաղալիքովը, ռումինական «հրամանատարի» ձեր կոչումովը՝ հավատարիմ շան նման հսկեցեք ֆաշիստների շքադռները, քծնանքով լիզեցեք համաշխարհային սպանդ կազմակերպողների, հակախորհրդային ինտերվենտների գարշապարը»:
(Նաիրա Բալայան, « 30-ական թթ. արեւելահայ գրական-հասարակական կյանքը. բացասական դրսևորումների արձագանքը Ա. Չոպանյանի «Անահիտ» հանդեսում»):
Այսքանից հետո, մեզ՝ ընթերցողներիս, ոչինչ չի մնում անել, քան կարդալ, կրկին կարդալ Չոպանյանին և հասկանալ Ալազանի զրպարտության պատճառը:
Արշակ Չոպանյան՝ https://vlume.com/hye/person/EN-47