Որքան էլ կարդանք, ծանոթանանք մեր մեծերի կյանքին ու ստեղծագործություններին, մեկ է՝ ավելի շատ բան ենք իմանում և ուրիշ կողմերից բացահայտում մեր սիրելի գրողներին, երբ կարդում ենք նրանց մասին հուշերը 💭։
Զորյանն իր «Հուշերի գրքում» պատմում է, թե ինչ վերաբերմունք ուներ Չարենցը Տերյանի հանդեպ, որը, հաստատ, ոչ մի ստեղծագործության մեջ չենք գտնի։
1920-ական թվականներին Չարենցը զբաղվում էր պրոլետարական նոր պոեզիան հիմնավորելու աշխատանքով և հաճախ բանախոսում էր, նսեմացնում կամ ժխտում այն ամենը, ինչը սիրել էր մինչ այդ։ Ժխտում էր նաև Վահան Տերյանին՝ նրան համարելով «հոգով լքված, արվեստով լիզված» մի պոետ։
Իսկ դրսում անում էր հակառակը՝ արտասանում էր նրա բանաստեղծությունները, հիանում արվեստով, լեզվով։
«— Չքնա՜ղ պոետ է»,— ասում էր։
Երբ հարցնում էին, որ այդպես հիանում է, ինչո՞ւ է հրապարակայնորեն վատաբանում, Չարենցը պատասխանում էր՝
«— Պայքար է, սիրելիս։ Հնի դեմ պիտի պայքարել՝ նորն ստեղծելու համար»։
Իսկ երբ ասում էին, որ եթե Տերյանն այդքան վատն է, ինչո՞ւ է իր երկու հատորները գրել նրա ազդեցությամբ, ասում էր՝
«— Հենց այդ ազդեցությունից է, որ ուզում եմ ազատվել։ Հիմա Տերյանի ոգով ու ձևով գրել չի լինի»։
Այսպես Չարենցը շարունակում էր հրապարակայնորեն մերժել Տերյանին՝ միաժամանակ պաշտելով նրան։
