Skip to content

«Ահագին Արմատական բառարանս, հինգ հատոր Անձնանունների բառարանս, տասը հատորանի Լիակատար քերականությունս… մի աչքի արդյունք են»։ Հրաչյա Աճառյան

Գրողներին ու մեծ մտավորականներին իրականում բացահայտում ենք ոչ միայն գործերով, այլև նրանց կյանքի հետաքրքիր, անսպասելի ու հումորային դեպքերին ծանոթանալով։

Հայ մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանի «Կյանքիս հուշերից» գիրքն իսկական գանձարան է՝ լի նմանատիպ արտասովոր ու զվարճալի պատմություններով: Այն բացահայտում է մեծ գիտնականի մարդկային որակները, նրա ինքնահումորն ու աննկուն ոգին:

Այսօր ձեզ հետ կիսվում ենք այդ հուշերից մեկով․

«Ահագին Արմատական բառարանս, հինգ հատոր Անձնանունների բառարանս, տասը հատորանի Լիակատար քերականությունս… մի աչքի արդյունք են».- ասում է մտավորականն ու մեզ բացահայտում իր աչքի գաղտնիքը:

Մանկության տարիներին անհաջող բուժման պատճառով Աճառյանի ձախ աչքին մնացել էր մեծ սպիտակ բիծ։ 16 տարեկանում վարժարանի տեսուչը նրան տանում է Պոլսի հայտնի ակնաբույժի մոտ։ Բժիշկը հայտնում է, որ տեսողությունը վերականգնելն անհնար է, բայց տգեղ հետքը թաքցնելու համար առաջարկում է ներկել (տատուաժ անել) աչքի սպիտակ բիծը։

Աճառյանը հիշում է, որ այդ ներկն այնքան որակյալ էր, որ դիմացավ ավելի քան 60 տարի։ Չնայած ողջ կյանքում միակնանի մնալուն՝ նա իմաստնությամբ ու թեթև հումորով էր վերաբերվում դրան․

«Փորձով կարող եմ ասել, որ մի ոտքով կամ մի ձեռքով լինելը շատ վատ բան է, բայց մի աչքով լինելը ոչ մի նշանակություն չունի»։

Խորհուրդ ենք տալիս կարդալ «Կյանքիս հուշերից» գիրքը․ սա ոչ միայն հնարավորություն է ծանոթանալու մեր մեծերի անցած հարուստ ուղուն, այլև իսկական ընթերցողական վայելք՝ լի կյանքի իմաստնությամբ, ջերմությամբ ու անկրկնելի հումորով:

Կյանքիս հուշերից՝ https://vlume.com/hye/item/EB-180

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *