Skip to content

Կոմիտաս։ Ծննդյան օր

«Նորից երգում, մորմոքում է

Աստվածային Կոմիտասը,

Կախարդում է ու մոգում է

Աստվածային Կոմիտասը…

Ամենամե՛ծ դու նահատակ,

Ամենահա՜յր, ամենահա՜յ»։ Պարույր Սևակ

1869 թվականի հենց այս օրը Մայր Հայաստանը ծնեց հայ երգի Մեսրոպ Մաշտոցին, ով դարձավ ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրը։

«Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատականին։ Նա ո՛չ օպերա է գրել, ո՛չ օրատորիա և համարյա թե ո՛չ արիաներ կամ ռոմանսներ։ Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը։ Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը՝ ինքնուրույն և անաղարտ։ Նա հիմք է դրել ազգային երաժշտական մշակույթին»։ Ավետիք Իսահակյան

Կոմիտասի նվիրումն ու աշխատասիրությունը չունեին սահմաններ։ Նա ոչ միայն հավաքում ու նոտագրում էր ժողովրդական երգերը, այլև ապրում էր հայկական բնաշխարհի ամեն մի ձայնով։

Արվեստաբան Գարեգին Լևոնյանը պատմում է, թե ինչպես դաշտում խնջույքի ժամանակ Կոմիտասը, լսելով էշի զռոցը, անմիջապես թղթի կտոր է վերցնում, սկսում ձայնագրել ու կատակով հանդիմանում․ «Ա՛յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»։

Այսպիսին էր Վարդապետը՝ անսահման բարի, կենսախինդ, բայց միևնույն ժամանակ անմնացորդ նվիրված իր մեծ առաքելությանը։

Կոմիտասն ապրեց ու ստեղծագործեց՝ իրականացնելով իր կյանքի ամենակարևոր նպատակը․ «Ես պիտի հասնիմ իմ բուն նպատակին և մեր հայ ժողովրդական երաժշտության գանձերը դուրս պիտի բերեմ հայրենի ավերակներեն…»։

Այսօր էլ Կոմիտասյան մեղեդիները շարունակում են ապրել մեր հոգում, մեր գրքերում։

Բադիկյան Խ․-Կոմիտասը՝ ինչպիսին եղել է՝ https://vlume.com/hye/item/VP-214

Աճառյան Հ․- Կյանքիս հուշերից՝ https://vlume.com/hye/item/EB-180

Սևակ Պ․-Անլռելի Զանգակատուն՝ https://vlume.com/hye/item/EB-712

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *