Գրական երկու հսկաների լուռ երկխոսությունը. Չարենցն ու Բակունցը
Հայ գրականության պատմության մեջ քիչ են այնպիսի զույգերը, որոնց մտերմությունն ու փոխադարձ հարգանքն այնքան խորը հետք թողած լինի, որքան Եղիշե Չարենցինն ու Ակսել Բակունցինը: Մեկը՝ բռնկուն, անհանգիստ ու տրամադրության մարդ, մյուսը՝ զուսպ ու հավասարակշռված:
Վախթանգ Անանյանն իր հուշերում մի ուշագրավ դեպք է պատմում այս մեծությունների փոխհարաբերություններից.
«Բակունցը հավասարակշռված և պարկեշտ մարդ էր, հմայիչ տղամարդ։ Չէր սիրում գրական անպտուղ վեճերը։ Այդ մասին ասում էր․ «Գնեցինք ընկույզ, վաճառեցինք ընկույզ, իսկ օգուտը եղավ միայն չխկչխկոցը»։ Դրանով նա բնութագրում էր 1920-ականների վերջի անպտուղ, աղմկոտ գրական վեճերն ու «գրական կռիվները», որոնք ոչ մի ստեղծագործական արդյունք չէին տալիս:
Բակունցից ավելի հմայիչ մարդ ես չեմ հիշում այն ժամանակվա գրական շրջանակում: Մի ձգողական ուժ կար Բակունցի մեջ, որ քաշում էր դեպի իրեն: ․․․Նկատել էի նաև մի բան: Չարենցը, ծայրահեղորեն տրամադրության տեր մարդ, բորբոքուն ու անհավասարակշիռ, որ հաճախ հաշիվ չէր տալիս, թե իր հետ խոսողը կի՞ն է, տղամա՞րդ, բոլորովին այլ էր Բակունցի ներկայությամբ, քաշվում էր, զսպվում, նեղվում նույնիսկ: Եթե կարելի է ասել՝ Բակունցը դյուրամատչելի չէր անգամ Չարենցի համար, ո՜ւր մնաց՝ իմ ու ինձ նման երիտասարդների համար, որոնց աչքին Չարենցը և Բակունցը գրական կուռքեր էին»։
Այսպիսի պատմական դրվագները մեզ հնարավորություն են տալիս գրական հսկաներին տեսնելու ոչ միայն դասագրքային էջերում, այլև իրենց մարդկային նկարագրով:
Չարենցի փոթորկոտ պոեզիան և Բակունցի քնարական արձակը հայ գրականության անհատակ գանձերն են, որոնք ամեն անգամ ընթերցելիս նորովի են բացահայտվում:
Եղիշե Չարենց՝ https://vlume.com/hye/person/EN-2
Ակսել Բակունց՝ https://vlume.com/hye/person/EN-70
