Skip to content

«Այժմ միայն նա է կարող ապրել, ով ունի ժամանակակից երեք զենքերից մեկը – փող, տաղանդ և հնարամտություն»։ Ալ․ Շիրվանզադե

Այսօր հայ ռեալիստական արձակի խոշորագույն ներկայացուցիչ, դրամատուրգ, Հայաստանի ժողովրդական գրող Ալեքսանդր Շիրվանզադեի ծննդյան օրն է։ Ճակատագրի բերումով տաղանդավոր գրողը դառնում է մեծ քաղաքի՝ Բաքվի նկարիչը։ Հենց այդ ժամանակից էլ ստեղծում է երկեր, որտեղ իրենց տեղն ունեն սոցիալական բոլոր ուժերը, բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ։ Շիրվանզադեն շատ է խոսել ժամանակի այն սուր կոնֆլիկտների մասին, որոնցից քաղել է իր երկերի նյութը։ «Իմ աչքերի առջև մարդ էակն իր նմանի կոկորդը բռնած, պատին սեղմելով, խեղդում էր, և ոչ մի անցորդ չէր փորձում խեղդվողին ազատել։ Իրարու բոթելով ու հրելով, յուրաքանչյուրն աշխատում էր իր տեղը լայնացնել մրցման ասպարեզում, և, իհարկե, տուժում էին նրանք, որոնք անզոր էին իրենց ոտների վրա կանգնելու»,- գրում է Շիրվանզադեն։ 19-րդ դարում Շիրվանզադեն գրեց․ «Տասնուիններորդ դարը, սիրելիս, խաբեբայության դար է, իսկ այդ դարը դեռ չի վերջացել։ Այժմ խաբում են ամենքը և ամենից ավելի նրանք, որոնք ըմբոստանում են խաբեբայության դեմ»։ Ցավոք, հեղինակի խոսքերը մնացել են արդի նույնիսկ 21-րդ դարում, իսկ այս դարը դեռ չի վերջացել։

Արդի են Շիրվանզադեի ոչ միայն այս խոսքերը, այլև այդ խոսքերից կազմված բոլոր ստեղծագործությունները։ Ռեալիստ գրողի բոլոր ստեղծագործությունները կգտնեք մեր գրադարանում․ չէ՞ որ չկա գրադարան, առանց դասական գրականության։

Ալեքսանդր Շիրվանզադե՝ https://vlume.com/hye/person/EN-35

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *