Skip to content

Դատարկ մարդ ես, իսկ դու տրամաբանություն չունես։ Եղիշե Չարենց և Ակսել Բակունց

Թե՛ Չարենցը, թե՛ Բակունցը աչքի էին ընկնում բարդ բնավորությամբ։ Նրանք հաճախ էին վիճում, երբեմն՝ ամբողջ Երևանի աչքի առաջ։ Գրականագետ Եղիշե Հովհաննիսյանն իր «Եղիշե Չարենցի մասին» աշխատության մեջ նկարագրում է մի դրվագ, որը տեղի է ունեցել Երևանի կենտրոնական փողոցներից մեկում։
Չարենցն ու Բակունցը գրող Խորեն Աճեմյանի հետ զբոսնում են Երևանի Նալբանդյան փողոցով, զրուցում են զանազան թեմաներով։ Խոսում է Չարենցը և հիշում լատինական մի առած և դառնալով Բակունցին՝ թարգմանում․
— Այսինքն` գրքերն ունեն իրենց ճակատագիրը:
— Կարող էիր չթարգմանել,- ասում է Բակունցը և ապա ավելացնում. – Ամեն մի գիրք ունի իր ճակատագիրը – ահա այդ աֆորիզմը:
— Նախ, քանի որ հայերեն ենք խոսում, ապա ոչ թե աֆորիզմ, այլ ափորիզմ…
— Գուցե կասես` «աթոռիզմ»,- ասում է Բակունցը:
— Եվ երկրորդ,- ինչի՞ ես վիրավորվում, որ թարգմանում եմ, երբ ո՛չ դու, ո՛չ էլ Խորենը լատին չգիտեք… Եվ հետո…
— Իսկ դու ո՞ր օրվա լատինագետը դառար,- հարցնում է Բակունցը շատ անմեղ հետաքրքրությամբ:
— Ճի՛շտ է, որ ես լատինագետ չեմ, բայց նախ` մի քիչ ավելի գիտեմ, քան դու և, բացի դրանից, քանի որ ես լատիներեն ասի այդ աֆորիզմը` պիտի թարգմանեի: Ճի՞շտ եմ ասում, թե չէ, Խորե՛ն:
— Շա՛տ ճիշտ է: Ես այդ ասացվածքը գիտեի ռուսերենից և, եթե չթարգմանեիր, չէի հասկանա:
— Տեսնո՞ւմ ես, որ «մեջ մնացիր» և զուր տեղն ես ընդհատում ինձ:
Ապա շարունակում է.
— Բայց այստեղ մի հետաքրքիր փիլիսոփայական հարց է ծագում, որի առթիվ քիչ վեճեր չեն եղել անցյալում: Ի՞նչն է ավելի բարձր․ ստեղծագործական անհա՞տը, թե՞ նրա գիրքը:
Տիրում է կարճ լռություն, և հանկարծ.
— Դատարկ,-բացականչում է Ակսելը,-պարզ է, որ ստեղծագործողը ավելի բարձր է, քան ստեղծածը, արարիչը ավելի բարձր է, քան արարածը:
— Դու այդպե՞ս ես կարծում: Շատ միամիտն ես: Դեռ հարց է, թե ընթերցողը ինչը ավելի կգերադասի, «Սև ցելերն» ու «Մթնաձո՞րը», թե՞ Ակսել Բակունցին:
— Ախր, տրամաբանություն չկա ասածիդ մեջ,-գոչում է Ակսելը:
— Լավ է` չխոսենք տրամաբանությունից, որովհետև դու նախ չգիտես ինչ բան է, ինչով է ուտվում, ինչպես կասեր ռուսը. երկրորդ` իմ ասածը ըմբռնելու համար տրամաբանությունը քիչ է: Պետք է մարդ մի քիչ բան հասկանա դիալեկտիկայից, իսկ դու դրա այբուբենն անգամ չունես փորումդ…
Ժամանակակիցները հիշում են, որ երկու գրողների բանավեճը քիչ է մնացել` կռվի վերածվի, բայց բարեբախտաբար վերջում նրանք հաշտվել են։Գրական այս երկու հսկաները ինչքան էլ կռվեին, վիրավորեին միմյանց, մեկ  է մեր հիշողություններում մնացել ու մնում են որպես մտերիմ ընկերներ, գրչակից ընկերներ, որոնց դեպքում և՛ ստեղծողն է անմահ, և՛ ստեղծածը։Ակսել Բակունց՝ https://vlume.com/hye/person/EN-70

Եղիշե Չարենց՝ https://vlume.com/hye/person/EN-2

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *