Skip to content

«Ինչպես լումաներից կազմվում է դրամը, այնպես էլ կարդացածից քիչ-քիչ ձևավորվում է գիտելիքը» Վիկտոր Հյուգո

Այսօր ֆրանսիական ռոմանտիզմի ռահվիրա Վիկտոր Հյուգոյի ծննդյան օրն է:
Հյուգոն բազմաժանր գրող է։ Նրա ստեղծագործությունները վկայում են իր բազմապիսի հետաքրքրությունները՝ գիտությունից մինչև փիլիսոփայություն, Երկիր մոլորակից մինչև տիեզերք։

Քչերին է հայտնի,  որ աշխարհահռչակ գրողը՝ զգացմունքային ստեղծագործությունների հայտնի հեղինակը, բացի գլուխգործոց վեպեր գրելուց, ուներ նաև մեկ այլ տաղանդ․ Հյուգոն հրաշալի նկարում էր։ Նա իր արվեստը ստեղծելու համար օգտագործում էր ձեռքի տակ եղած ցանկացած նյութ։ Նրա աշխատանքների մեծ մասը հիմնականում արված է սև տուշով, ածխով, սուրճի մրուրով։ Սակայն, ասում են, որ գրողը երբեմն ներկի փոխարեն, նույնիսկ, օգտագործել է  սեփական արյունը։ Հյուգոն իր ողջ կյանքի ընթացքում նկարել է։ Նրա  գեղարվեստական ստեղծագործությունների թիվը գերազանցում է չորս հազարը: Գրողի նկարների մեծ մասն այսօր պահվում է Լուվրում:

Հյուգոյի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև՝ հայերեն։ Հայերեն թարգմանությունները ուրախալի են ոչ միայն ընթերցողների համար, որոնց մեծ հնարավորություն է ընձեռվում  ճանաչել ոչ միայն աշխարհին հայտնի գրողին, այլև Ֆրանսիան՝ իր ողջ հմայքով։ Իր գրքերի հայերեն թարգմանությամբ շատ հպարտ է եղել նաև հենց գրողը, որի առիթով ասել է․ «Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այդ լեզուն: Դրա մեջ Արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցյալի խորհրդավոր նշույլի շողարձակումը: Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը»: Եթե ուզում եք մտովի տեղափոխվել Ֆրանսիա, ապա անպայման պետք է կարդալ Հյուգոյի գլուխգործոցները։ Վիկտոր Հյուգո՝ https://vlume.com/hye/person/EN-274

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *