Skip to content

Հայտնի գրողների սիրային նամակնրը. Ավետիք Իսահակյան- Վիկտորիա Աբովյան

Թեև Ավետիք Իսահակյանի կյանքի մեծագույն, տառապալից սերը Շուշանիկ Մատակյանն էր՝ նրա քնարական բազմաթիվ գլուխգործոցների ներշնչանքի աղբյուրը, բայց Վարպետի ներաշխարհը սոսկ մեկ պատմությամբ չէր սահմանափակվում։  
Գրական արխիվները մեզ բացահայտում են նրա զգացմունքային կյանքի այլ՝ ոչ պակաս նուրբ ու թախծոտ էջեր, որտեղ սերն արտահայտվում է ջերմ ու մտերմիկ կարոտով։  
Մեր՝ «Հայտնի գրողների սիրային նամակները» շարքում այսօր անդրադարձել ենք Վարպետի նամակին, բայց  ոչ թե ուղղված  Շ. Մատակյանին, այլ՝ տաղանդավոր դերասանուհի, Խաչատուր Աբովյանի թոռնուհի Վիկտորիա Աբովյանին։ 

1911 թվականի օգոստոսի 11-ին Տրապիզոնից գրված այս նամակն իսկական քնարական պատում է՝ ծովափնյա քաղաքի գեղեցկության, բաժանման ցավի և անհուն կարոտի մասին։ Հեռավորության գիտակցումն ու անորոշ ապագան Վարպետի հոգում ծնում են ժողովրդական երգի պես պարզ ու հուզիչ տողեր.
«Սրտի ցավով զգում եմ, որ հեռացանք իրարուց, և տեսնում եմ, որ այդ զգացմունքը կրծում է ինձ, թևերս կոտրում և ամեն անգամ ինձ ու ինձ երգում եմ․

«Ծիրանի ծառ եղնեի,

Ճամփիդ բուսնեի, 

Էնքան չմեռնեի, 

Մեկ էլ տեսնեի…

Ա՜խ, եթե այնքան, որքան ես քեզ եմ կարոտում, նույնքան էլ դու ինձ կարոտնայի՜ր…»
Վարպետի այս նամակը բացահայտում է, որ նույնիսկ կյանքի մեծագույն կորուստների ու անպատասխան տենչերի ստվերում նրա հոգում միշտ վառ է մնացել նուրբ ու մարդկային սիրո այն կայծը, որն ընդունակ էր ջերմացնելու հայրենիքից հեռու գտնվող բանաստեղծի միայնակ հոգին։  

Ավետիք Իսահակյան՝ https://vlume.com/hye/person/EN-149