Skip to content

Հայ գրականության որսորդը։ Վախթանգ Անանյան

Համաշխարհային գրականության մեջ հայտնի են շատ փաստեր, երբ այս կամ այն հանրաճանաչ գրողն իր տարերքն է համարել որսորդական գրականությունը, հատկապես բնագիտական զրույցը, որսորդական պատմվածքը, այդպիսի գրողներից են՝ Մայն Ռիդը, Ջեկ Լոնդոնը, Հեմինգուեյը։ Իսկ հայ գրականության մեջ որսորդական-բնագիտական արձակի զարկերակին իր ձեռքը դրեց Անանյանն ու դարձավ որսորդական գրականության նշանավոր ներկայացուցիչը։

Ինչպե՞ս եղավ, ի՞նչը ստիպեց Անանյանին, որ նա բացի բնության գիրքն ու բացահայտի Հայաստանի բնության և կենդանական աշխարհի բոլոր գաղտնիքները։

Երբ Անանյանն ընդունվում է Դիլիջանի ծխական դպրոցը, այնտեղ նա իրեն շատ ճնշված է զգում՝ սոցիալական անհավասարության մթնոլորտում։ Դպրոցում Անանյանին նստեցնում են հարուստ վաճառականի աղջկա մոտ, ով նրան այնքան արհամարհանքով ու վերևից էր նայում, որ Անանյանը նրա հայացքից ուզում էր գետինը մտնել։ Այս զրկանքները երկար չեն տևում, շուտով Անանյանը դուրս է մնում դպրոցից՝ վարձը վճարել չկարողանալու պատճառով։ Այդքանով ավարտվում է Անանյանի ուսման ժամանակամիջոցը։ Գրողն ասում էր․ «Իմ դպրոցը եղել է մայր բնությունը, որի ծոցում քնում էի, հունձ անում, տավար պահում, որսի գնում»։ Ահա այսպես Անանյանը սկսում է բացել բնության գիրքն ու մեկ-մեկ ծանոթանալ նրա օրենքներին։ Ահա այսպես էլ նա դառնում է բնության պահապանը և ինքն իր մասին ասում էր․ «Ես ակամա դարձել եմ մեր լեռնաշխարհի բնության շեֆը․․․․․․Հիսուն տարի շարունակ հրացանս ձեռքիս շրջել եմ մեր լեռնոտ ու քարքարոտ երկրում և քայլ առ քայլ ծանոթացել եմ նրան։ Եվ մեկը մյուսի ետևից բացել է նա իր գաղտնիքներն ինձ, որովհետև զգացել է, որ իր հարազատ որդին եմ, իր անբաժան մասը»։ Ահա, թե որտեղից և ինչպես են ստեղծվել հայրենի բնաշխարհին նվիրված Անանյանի հատորները, որոնցից յուրաքանչյուրը կարող եք և՛ կարդալ, և՛ լսել մեկ հասցեում։

Վախթանգ Անանյան՝ https://vlume.com/hye/person/EN-74

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *