Մեր հանճարեղ գրողների կյանքի պատմությունները երբեմն ավելի ցավոտ ու դրամատիկ են, քան նրանց վեպերի ամենատխուր էջերը։
Հայ երիտասարդությանն իր վեպերով ոգեշնչող Րաֆֆին ապրում էր նյութական ծանր պայմաններում: Նրա ուսերին էր ծանրացած նաև Պարսկաստանում գտնվող հարազատների նյութական հոգսը: «Պարտքերի մեջ խեղդվել եմ, աշխարհս կատարյալ դժոխք է, դժոխք: Սակայն ես իմ գրչից չեմ բաժանվի…»,- ասում էր նա:
Օրերից մի օր ընտանիքի անդամների քաղցը հագեցնելու համար Րաֆֆին հարևան հացավաճառից ամաչելով հաց է պարտքով խնդրում: Հացավաճառը, որ կարդացել էր Րաֆֆու գործերը, բայց անձամբ չէր ճանաչում նրան, մերժում է և հանդիմանում: Այդ դեպքից կարճ ժամանակ անց Րաֆֆին մահանում է: Նրա մահը տակնուվրա է անում ամբողջ Թիֆլիսը: Այդպիսի մարդաշատ թաղում Թիֆլիսը դեռ չէր տեսել: Րաֆֆու թաղումից հետո է, որ օտարներն ասում էին. «Հայերը չգիտեն լավ պահել իրենց գործիչներին, գիտեն միայն լավ թաղել…»:
Հացավաճառը հասկանում է, որ մերժել է իր սիրելի վիպասանին, որի գործերը կարդում էր մեծ հափշտակությամբ, և սկսում է տանջվել խղճի խայթից: Մի օր էլ գնում է Րաֆֆու կնոջ մոտ և ասում․
-Տիկին Աննա, Ձեր ամուսնուն պարտք եմ 20 ռուբլի: Նրան խոստացել եմ գումարի դիմաց մի ամբողջ տարի հաց ուղարկել Ձեր տուն…
Այսօր մենք կարող ենք սրբագրել պատմության այս դառը սխալը՝ ընթերցելով, ճանաչելով ու վառ պահելով մեր մեծերի թողած ժառանգությունը:
